National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
14.03.2019
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հանդիպումները խորհրդարանում
1 / 12

Փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լյովոչկինան եւ Անդրեյ Շիրցելը մարտի 14-ին հանդիպումներ են ունեցել խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումներին ներկա է եղել ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնը:

Առաջին հանդիպումը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ է եղել:

Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համազեկուցողներին ներկայացրել է խմբակցության օրակարգը, առաջնահերթությունները՝ մասնավորապես սուպերվարչապետական համակարգից խորհրդարանական համակարգին անցում կատարելու հարցում դիրքորոշումները եւ առաջարկները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ սահմանադրական փոփոխություններին, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին եւ մարդու իրավունքների ոլորտում օրենսդրությանը վերաբերող մի շարք հարցեր:

Համազեկուցողներ Յուլիա Լյովոչկինան եւ Անդրեյ Շիրցելը հանդիպել են նաեւ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների հետ:

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է մեր երկրում մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին, կարեւորել դրանց աստիճանական զարգացումը: Պատգամավորն անընդունելի է համարել հատկապես սոցցանցերում քաղաքական գործիչների նկատմամբ ատելության քարոզը:

Միքայել Մելքումյանը ներկայացրել է տնտեսական ոլորտում առկա խնդիրները, մատնանշել դրանց լուծման ուղիները: Ըստ պատգամավորի՝ հնարավոր ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ են հստակ պայմաններ: Միքայել Մելքումյանը կարծիք է հայտնել, որ պետք է բարեփոխել հարկային օրենսդրությունը:

Արման Աբովյանը կարեւոր է համարել միջազգային կառույցների հետ գործակցությունը, տարբեր ոլորտներում միջազգային փորձի արդյունավետ կիրառումը մեր երկրում:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների եւ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել խմբակցության քաղաքական օրակարգի հարցերին:

Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խոսել է այն օրենսդրական նախաձեռնությունների մասին, որոնք նախաձեռնել է իրենց խմբակցությունը: Նա նաեւ անդրադարձել է նոր Ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքներին:

Համազեկուցողները հետաքրքրվել են խորհրդարանի վերահսկողական դերի բարձրացմանն ուղղված քայլերի մասին, որոնց վերաբերյալ խմբակցության անդամները պարզաբանումներ են ներկայացրել:

Համազեկուցողների հետ հանդիպել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը խոսել է նորաստեղծ հանձնաժողովի աշխատանքների եւ մարդու իրավունքների ոլորտի առաջնահերթությունների ու խնդիրների մասին: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովի անդամներն այցելել են կանանց քրեակատարողական հիմնարկ ու նմանատիպ այցերը շարունակական բնույթ են կրելու՝ նպատակ ունենալով մոնիթորինգի ենթարկել հատուկ հաստատություններում եւ քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները:

Հյուրերի խնդրանքով անդրադառնալով մեր երկրում խոսքի ազատության ասպարեզում տիրող իրավիճակին՝ Անի Սամսոնյանը խոսել է հեղափոխության ընթացքում եւ դրանից հետո ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում հնչող ապատեղեկատվության եւ ատելության քարոզի մասին: Նա խնդիրը կանոնակարգելու համար կարեւորել է ներպետական մեխանիզմների ներդնումը: Պատգամավորը հարցը բարձրաձայնել է նաեւ ԵԱՀԿ ԽՎ-ում:

Անդրադարձ է կատարվել քրեկատարողական հիմնարկների խնդիրներին, պրոբացիոն ծառայության կատարելագործմանը, Հայաստանի կողմից Ստամբուլի կոնվեցիայի վավերացմանը եւ այլ հարցերի:

Յուլիա Լյովոչկինան եւ Անդրեյ Շիրցելը հանդիպել են նաեւ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ :

Կողմերը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ հակակոռուպցիոն մարմնի ձեւավորումը խորհրդարանի առաջնային հարցերից է եւ կարեւորել առաջիկայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը:

Զրուցակիցներն անդրադարձել են Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում նախատեսվող, ինչպես նաեւ Կառավարության կառուցվածքային փոփոխություններին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am